ՀՀԿ-ում նախարարների, փոխվարչապետերի, վարչապետի, Աժ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների թեկնածությունները բացառապես քննարկվում են ու լիազորված են քննարկել կուսակցության խմբակցության, գործադիր մարմնի կամ խորհրդի նիստերում` ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«2017-ի ապրիլի 2-ից հետո ՀՀԿ-ի ոչ գործադիր մարմնի, ոչ խորհրդի, ոչ էլ խմբակցության նիստերում վարչապետի պաշտոնում բացի Սերժ Սարգսյանի թեկնածությունից, պաշտոնապես այլ թեկնածություն ոչ քննարկվել է, և ոչ էլ առաջադրվել է», - ասաց ՀՀԿ խոսնակը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՀԿ-ում քննարկվել են վարչապետի թեկնածուի բոլոր հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով նաև մարտահրավերները։ Շարմազանովը նշեց, որ ապրիլի 11-ին ՀՀԿ գործադիր մարմինը քննարկել է բացառապես կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկը։ «ԳՄ բոլոր անդամներն արտահայտվել են ու միասնաբար, միաձայն վերահաստատել են, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում պետք է խորհրդին առաջադրի ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այլ քննարկում չի եղել, այլ թեկնածու չի քննարկվել», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ մինչև գործադիր մարմնի երեկվա նիստը, ՀՀԿ-ի օրակարգում վարչապետի թեկնածության հարց չի եղել։ Նա ընդգծեց՝ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն է առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ «Այլ քննարկում չի եղել, այլ թեկնածու բացարձակ չի եղել», - ընդգծեց ՀՀԿ խոսնակը։ Նրա խոսքով՝ ՀՀԿ-ում կան շատ լավ քաղաքական գործիչներ, բայց Սերժ Սարգսյանի քաղաքական իմաստությունը, փորձն ու անցած ճանապարհն անուրանալի է։ «Երկրորդը այդ փորձառության չկա: Սա է օբյեկտիվ իրականությունը», - հավելեց ՀՀԿ խոսնակը։